Մեզ նման միամիտ ու հետամնաց հասարակություններում մարդկանց թվում է, որ մենք ունենք բարձր քաղաքակրթական արժեքներ, որի համար քաղաքակրթության հիմնական կրողները ուղղակի պարտավոր են մեզ խորապես հարգել ու, նույնիսկ, սիրել։
Երջանիկ միամտություն, եկեք միասին մի փոքր էքսկուրս կատարենք և պարզենք, թե քաղաքակրթության այդ բարձրագույն արժեքներ կրողները հարգել ու սիրե՞լ են, ասենք, մեզնից բազմապատիկ ավելի քաղաքակրթական ժառանգություն ու արժեք ունեցող Հնդկաստանին ու նրա ժողովուրդներին։
Ոչ և հազար անգամ ոչ, ուրիշի երկրներում քաղաքակրթության այդ բարձրագույն արժեքների կրողներին հետաքրքրում է միայն մի բան՝ ինչքան հնարավոր է ավելի մեծ օգուտ ստանալ տվյալ կոնկրետ երկրից՝ առանց հաշվի նստելու դրա համար այդ երկրին հասցված վնասի հետ։
Սա է դաժան ճշմարտությունը, որի հետ մեր և ուրիշ միամիտներ չեն ուզում կամ էլ չեն կարողանում հաշվի նստել։
Նման ստրատեգիական նպատակ հետապնդելիս քաղաքակրթության բարձրագույն արժեքների կրողները կարող են գնալ նաև մանր տակտիկական կորուստների, որոնք հեշտացնում են իրենց գլոբալ նպատակի իրականացումը։
Նման տակտիկական կորուստների նպատակն է իր ազդեցության ոլորտում պահել որևէ թույլ երկրի ղեկավարությանն ու էլիտային և ստեղծել հուսալի հինգերորդ շարասյուն՝ տվյալ երկրի կառավարելիությունն ապահովելու համար։
Նման իրավիճակներում շատ կարևոր է մի հանգամանք ևս, այն է՝ որևէ երկիր կարող է լինել իրական արժեքի կրող, ասենք, կրթված և ուսյալ պրոֆեսիոնալների տեսքով, բայց ինքն այնքան կազմակերպական ու ֆինանսական հզորություն չունենա, որ նման մարդկանց կարողանա դարձնել սեփական թույլ պետականության հզորացման աղբյուր։
Դրա արդյունքը լինում է նման պրոֆեսիոնալների արտահոսքը դեպի իրական պահանջարկ՝ որպես համեմատաբար էժան աշխատուժ։
Եվ դրան զուգահեռ կարել է տեսնել մի այլ արտահոսք, այս անգամ արդեն տեխնոլոգիաների ու աշխատատեղերի արտահոսքը համեմատաբար թանկ աշխատուժով քաղաքակրթական բարձր արժեքներ կրող երկրներից դեպի էժան աշխատուժով երկրներ։
Այս երկու հոսքերը՝ 1․ պրոֆեսիոնալների հոսքը թույլ երկրներից դեպի իրական պահանջարկ և 2․ աշխատատեղերի հոսքը դեպի էժան աշխատուժ գլոբալիզացիա ասածի բուն էությունն են։
Եվ, ինչպես միշտ, փայտն ունենում է երկու ծայր, որի իմաստը այս դեպքում այն է, որ գլոբալիզացիան, հարստացնելով էլիտաներին, թուլացնում է քաղաքակրթական բարձր արժեքներ կրող հզոր պետություններին, որն էլ, իր հերթին, այլ գործոնների հետ միասին ծնում է հակագլոբալացման տենդենցներ։
Պավել Բարսեղյան